Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայի և Լատինական Ամերիկայի ամենաազդեցիկ ու հզոր երկրներից է: Կարևորում ենք Հայաստանի և Մեքսիկայի միջև հարաբերությունների զարգացումն ու սերտացումը. ասել է ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հունվարի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արգիշտի Գևորգյանը, Ալխաս Ղազարյանը, Վահե Ղալումյանը, Հայկ Ցիրունյանը և Վանիկ Օհանյանը:
«Բարեկամական խմբի նախորդ կազմի հետ մենք սերտորեն համագործակցում էինք, և վստահ եմ, որ այդ գործակցությունն ավելի կխորանա նորաստեղծ խմբի հետ»,- ասել է Արթուր Խաչատրյանը:
Երախտագիտություն հայտնելով Մեքսիկային Հայոց ցեղասպանությունը երեք տարի առաջ ճանաչելու համար՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության վերականգնումից բացի նաև քաղաքական խնդիր է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն կարևորել է խորհրդարանական կապերի սերտացումը՝ հատկապես բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությամբ: Պատգամավորների պալատի անդամը խոսել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին:
Ազգային ժողովի պատգամավորները, ողջունելով հյուրերին, նշել են, որ մշակույթի, զբոսաշրջության, կրթության, ինչպես նաև տնտեսական ոլորտում կա գործակցությունը զարգացնելու զգալի ներուժ: Կարևորվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:
Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորությանը, խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներից՝ կարևորել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը հայրենիք: Իշխանական խմբակցությունը ներկայացնող պատգամավորները բարձրաձայնել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: