Ուզում եմ գոհունակությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել են այս նախագիծը և աշխատանք տարել այս ուղղությամբ, և իմ զարմանքը ընդդիմության վարքագծին, որովհետև որքան ինձ հիշում եմ, ընտրությունների մեջ լինելով որպես դիտորդ, միշտ խորհրդարանական ընդդիմությունն ու քաղհասարակությունն են եղել ջատագով, որպեսզի ընտրությունները լինեն շատ ավելի հանրային վերահսկողության ներքո, որպեսզի դիտորդությունը լինի շատ ավելի չեզոք կառույցների կողմից, և դիտորդի օբյեկտիվությունն ու զեկույցում արտահայտած մտքերը որևէ կերպ կասկածի տակ չդրվեն:
Այս մասին Ազգային ժողովի՝ հունվարի 23-ի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ խոսելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի մասին:
Նրա խոսքով՝ նախորդ տարիներին համապետական կամ ՏԻՄ ընտրություններից հետո կեղծ դիտորդների մասին տեղեկություններ էին հայտնվում, տեղամասերում տեսնում էին տարբեր կազմակերպություններ, որոնք ձևավորվում էին ընտրությունների մասին հայտարարելուց անմիջապես հետո կամ դրանից առաջ, և երբ իրենք հարցնում էին այդ դիտորդներին, թե որ կազմակերպությունն էին ներկայացնում, նրանք տալիս էին այն կուսակցության անունը, որոնք իրենց տեղամաս են գործուղել:
«Շատ կարևոր է, որ այստեղ դիտորդական առաքելությունների չեզոքությունը վերահսկվի ԿԸՀ-ի կողմից, բայց ռիսկ չլինի նաև այն առումով, որ կարող են ներդրված անձի միջոցով հնարավոր է նաև նման մրցակցություն, որ կարող են այլ կազմակերպություններ անձին ներդնել դիտորդական առաքելության մեջ, որպեսզի նրա վարքագիծը որևէ կերպ ազդի այդ դիտորդական առաքելության օբյեկտիվության վրա: Այստեղ ԿԸՀ-ն որոշում կայացնելիս պետք է շատ ուշադիր լինի»,- ընդգծեց պատգամավորը: