Նախատեսվում է ստորագրել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը: Ըստ այդմ՝ ակնկալվում է կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության և վնասների հատուցման բանաձևերն ուժը կորցրած ճանաչել, կոնցեսիոն պայմանագրի՝ անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ևս ուժը կորցրած ճանաչել: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 22-ի նիստին ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունը և կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործերի կնքման դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն, Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր պլանը և ներդրումային այն ծրագիրը, որով պետք է իրականացվի, կներկայացվի Կառավարության համաձայնեցմանը, և այդ մաստեր պլանում կներառվեն նաև 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները»,- ասաց նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ գործող սակագների փոփոխությունները կիրականացնեն ամենամյա սկզբունքով, համապատասխան բանաձևով ճշգրտելու եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, եվրոպական երկրներում միջին գնաճի և ՀՀ-ում սպառողական գների ինդեքսների ցուցանիշներից:
«Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարում անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4 մլն ուղևորից պակաս, ապա կառավարությունը պետք է կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով»,- ասաց նա՝ հավելելով, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը կամ դրա պատկանելիքը վերադարձնի Կառավարությանը շահագործվելիք վիճակում:
Կարգավորվում են նաև կոնցեսիոների կողմից 425 մլն դոլարից ավելի ներդրում իրականացնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարացնելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված հարցերը:
«Վերահաստատվում է, որ թե՛ օդանավակայանի ենթակառուցվածքը, թե՛ շահագործումն ամբողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին: Նախատեսվում է 1 ամսվա ընթացքում ստորագրել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը»,- ասաց նա:
425 մլն դոլարի չափով ներդրումները, ըստ նախարարի տեղակալի, պետք է իրականացվեն մինչև 2033 թվականը: Մաստեր պլանը Կառավարությանը ներկայացնելուց հետո՝ 4 ամսվա ընթացքում, Կառավարությունը կա՛մ պետք է հաստատի, կա՛մ հիմնավոր մերժի այն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»: