Տարօրինակ է, որ սպորտին աջակցության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին խոսքեր են հնչում այն պարագայում, երբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը անգամներով աճել է: Ոչ մի չափազանցություն չկա: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի դիտարկմանը, թե Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը վայր է դրել լիազորությունները և հայտարարել, որ դահուկային սպորտն ինքն իրեն չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն:
«2017-ին մասսայական սպորտին տարվա համար հատկացվել է 207 միլիոն դրամ: Գիտե՞ք՝ ինչքան է հատկացվել այս տարի, 5,5 մլրդ դրամ: Սա մասսայական սպորտն է դեռևս: 207 միլիոն և 5,5 միլիարդ. կարող եք պարզ մաթեմատիկա անել, թե քանի անգամ է աճել միայն մասսայական սպորտի ֆինանսավորումը:
Բարձր նվաճումների սպորտով նույնպես էական աճ ունենք: Եթե 2017-ին բարձր նվաճումների սպորտին հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, հիմա խոսում ենք 6,9 մլրդ դրամի մասին:
Հետևաբար սպորտին աջակցությունն ավելին երբեք չի եղել պետության կողմից, և սրա անբաժանելի մասն են ձմեռային մարզաձևերը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խոսակցությունները տեղին չեն, բացահայտում են այլ օրակարգեր: