Միացյալ Նահանգների և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Պետքարտուղարության տվյալով՝ Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, բարձր գնահատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։
Պետքարտուղար Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումներին:
«Սա կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի առաջ քաշած պատմական խաղաղության գործարքին»,- ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։
Բաքվից հայտնում են, որ պաշտոնյաները նաև ընդգծել են TRIPP-ի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը։