Միջին եվրոպական չափանիշներին համահունչ դատավորների թիվ չունենք: Մեր դատավորների թիվը՝ համեմատած եվրոպական համադրելի երկրների դատավորների թվաքանակի, դեռ մնում է ցածր, այն էլ այն պարագայում, երբ մենք վերջին 7-8 տարիների ընթացքում մոտավորապես 30-40 տոկոսով ընդլայնել ենք դատավորների դատական կորպուսը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 20-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Ըստ պատգամավորի՝ խնդահարույց իրավիճակ է վարչական դատավարության մասով, քանի որ կան ակտեր, որոնք ուղղվում են միայն վարչական դատարան, և վերջինիս աշխատանքը ծանաբեռնվում է:
«Կարող են գործեր լինել, որոնց արժեքը 5000 դրամ է: Կան գործեր, որոնք մի քանի միլիարդ դրամ կարող են արժենալ: Բայց դատավարական ընթացակարգերի տեսանկյունից դատավորը գրեթե նույն ժամանակն է ծախսում այդ գործերը քննելու վրա»,- ասաց պատգամավորը:
Լուծումներ են պետք՝ կարծում է Վլադիմիր Վարդանյանը, և լուծումներից մեկը, ըստ պատգամավորի, զրո ատյանի վարչական դատարանի կոնցեպտ մշակելն է, այսինքն՝ մի մարմին, որը պետք է շատ արագացված ընթացակարգով՝ առանց դատական քաշքշոցի մեջ ներառվելու, կարողանա վերանայել կայացված վարչական ակտերը: