Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ԵՄ ղեկավարները մտադիր են Գրենլանդիայի ճգնաժամը ԱՄՆ-ի հետ լուծելու համար նախ օգտագործել դիվանագիտական միջոցները, նախքան ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր ԵՄ արտակարգ գագաթնաժողով հրավիրելու որոշման մասին՝ Գրենլանդիան գրավելու՝ ԱՄՆ ծրագրերի հետ կապված լարվածության պատճառով։
Bloomberg-ի տվյալով՝ ԵՄ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել 93 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների համար։ Գործակալությունը բացատրել է, որ ԵՄ-ն նախկինում հաստատել էր այդ մաքսատուրքերը, բայց դրանք չի կիրառել՝ ԱՄՆ-ի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու մտադրությամբ։ Մաքսատուրքերը կվերաբերեն, մասնավորապես, Boeing ինքնաթիռներին, ԱՄՆ-ում արտադրված մեքենաներին և բուրբոնին։
Կիրակի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ մշտական ներկայացուցիչները քննարկել են այդ ցանկը, ինչպես նաև՝ «հարկադրանքի դեմ գործիքի» օգտագործումը, որը կարող է սահմանափակել ամերիկյան ընկերությունների մուտքը ԵՄ շուկա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանելու՝ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Եվրամիության օրենսդիրները չեն հաստատի ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև անդրատլանտյան առևտրային համաձայնագիրը։
Politico-ն էլ հիշեցրել է, որ համաձայնագրով նախատեսված է 15 տոկոս մաքսատուրք ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների համար, ԵՄ-ի կողմից ամերիկյան արտահանումների համար մաքսատուրքերը չեղարկելու դիմաց։ Բրյուսելը նաև խոստացել է լրացուցիչ 600 միլիարդ դոլարի ներդրում կատարել ԱՄՆ տնտեսությունում և 750 միլիարդ դոլարի ամերիկյան էներգակիրների գնումներ՝ չհաշված ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանական նոր պատվերները։