Բոլոր այն պաշտոնյաները, որոնց նշանակման և առաջխաղացման դեպքում ենթադրվում է բարեվարքության ստուգում, վերջիններիս նշանակման կամ առաջխաղացման դեպքում բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին ասաց արդարադատութան նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ այդպիսի պաշտոնյաներ են քննիչները, քննչական մարմիների ղեկավարները, տեղակալները, դատախազները, գլխավոր դատախազը, նրա տեղակալները, բոլոր դատավորները, այդ թվում՝ վճռաբեկ դատարանի դատավորները, ԲԴԽ անդամները, ՍԴ դատավորները: Փաստացի նշանակվելու կամ առաջխաղացման դեպքում այս շրջանակի բոլոր անձանց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմած բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը ենթակա կլինի հրապարակման՝ անկախ դրա բացասական կամ դրական լինելուց:
«Նախատեսվում է, որ անձին, ում բարեվարքությունը ստուգվում է, պետք է հնարավորություն տրվի ավելի ակտիվ մասնակցելու իր բարեվարքության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին:
Վերջինս հնարավորություն կունենա գրավոր առարկություններ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ նյութեր ու տեղեկություններ ներկայացնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մինչև վերջնական տեսքով եզրակացության կազմումը»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտոնյայի առարկությունները ևս կհրապարակվեն:
Ըստ հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ երկար են մտածել՝ հրապարակե՞լ, թե՞ չհրապարակել բարեվարքության եզրակացությունները: Ի վերջո որոշվել է հրապարակել, որպեսզի բացասական եզրակացությամբ պաշտոնյայի նշանակման դեպքում հանրությունը ծանոթ լինի ԿԿՀ եզրակացությանն ու իր հետևություններն անի: Այդ եզրակացությունը կողմնորոշիչ կլինի նաև պաշտոնյային նշանակող մարմինների համար: