Պարո՛ն Մանուկյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր - խմբ.), զեկո՞ւյց եք ուզում ( 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը - խմբ.), եկեք էստեղ էդ հարցը լուծենք, որ հանկարծ մյուս անգամ այս թեման շահարկման առարկա չդառնա: Այս խոսքերով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ապա խոսքն ուղղեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Հիշեցնենք՝ Մանուկյանը հայտարարել էր՝ ԱԺ վերջին նստաշրջանում քննիչ հանձնաժողովի զեկույցը որոշվել է փաստացի չհրապարակել, չներկայացնել Ազգային ժողով:
«Պարո՛ն Քոչարյան, ձեզ խնդրում եմ, ձեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ՝ եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարանին, այլև մեր հանրությանը կներկայացվի»,- առաջարկեց Ալեքսանյանը՝ ընդգծելով՝ խոսքը «բաց մաս»-ի մասին է:
«Ամբողջ հանրությունը թող լսի, պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն՝ էս ինչ բերիր մեր գլխին, իմացեք՝ ինչ պատասխան եք տալու: Պարո՛ն Քոչարյան, ընդունո՞ւմ եք առաջարկս: Քննարկե՞նք, շատ լավ: Զեկույցի առնվազն բաց մասը թող լսեն»,- դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ հարց ուղղեց Ալեքսանյանը:
Դիմելով Մանուկյանին՝ ասաց՝ զեկույցում այնքան հետաքրքիր կտորներ կան:
«Բայց հետո չասեք՝ բա ինչի սենց եղավ: Հետո էլ ասում եք՝ պատերազմը իշխանությունն է շահարկման առարկա դարձնում: Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է: «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակում, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, պատերազմում մեր տղերքի սպանության կադրերն են:
Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու 44-օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: