Բաքվից 4 հայերի վերադարձի և Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիներին երկրի իրավապահներին հանձնելու իրադարձությունները իրար հետ կապ չունեն՝ հայտարարել է վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք եղե՞լ է գործարք:
«Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտնել էր, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:
Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, նախնական զննությամբ, առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։
Արդարադատության նախարարությունն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:
Հիշեցնենք՝ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, երբ փորձել էին աջակցություն հասցնել Ղարաբաղ: Ադրբեջանում ընկերները դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին, տարեց տղամարդը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց: