Այսօրվա ժամը 10-ի դրությամբ մենք ունենք 87048 ապահովագրական գրանցված դեպք՝ այց, որից 7739-ը ամբուլատոր այցեր են, և 8612-ը՝ հիվանդանոցային դեպքեր: Այդ մասին Կառավարության նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պետք է նշեմ, որ այս աճի տեմպը մեր ակնկալածի շրջանակներում է: Մենք հետևում ենք ամենօրյա թե՛ սպասարկված դեպքերի թվին, թե՛ նաև փաստացի առաջացած քաղաքացիների, բուժաշխատողների, ԲԿ-ների վարչական անձնակազմի կողմից մեր բոլոր բարձրացրած հարցերին: Ընթացիկ շտկումներ ենք իրականացնում, որ համակարգը ավելի մարդակենտրոն և ավելի քիչ պրոցեսներ իր մեջ ներառող լինի, բայց ընդհանուր առմամբ այցերն ու հարցումները և մեր քաղաքացիների հետ ըստ էության խոսակցությունը փաստում են, որ շատ մեծ հերթեր պոլիկլինիկայում այս պահին չունենք: Լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունն ընդհանուր առմամբ դրական է: Հիվանդանոցային օղակում՝ առավել ևս: Մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ, այո, գործում է, և նրանք ծառայությունը կստանան առանց վճարում իրականացնելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եկեք կամավորների խմբեր դեղատուն և պոլիկլինիկա մտնի, որպեսզի մենք ինֆորմացիա ունենանք: Մարզերում և Երևանում լրացուցիչ այդ օղակն էլ ունենանք: Մարդիկ ներգրավվեն և գուցե ուրիշ հայացքով այդ ամեն ինչի մասին մեզ պատմեն: Թող գնան, մարդկանց հարցնեն: Փոխվարչապետը նկարագրել էր, թե ապահովագրության խողովակով դեղ ձեռք բերելու համար դեղատուն մտած մարդը ինչքան ժամանակ է կորցնում. է՛լ փաստաթղթեր, է՛լ տեղեկանքներ. մի հատ պրինտ արեք, քսերոքս: Ես չէի լսել դա: Այսինքն՝ նշանակում է, որ մենք ինչքան էլ ունենք հաղորդակցության ուղիներ, բաներ կան, որ չեն հասնում մեզ, ուրեմն պետք է կամավորների խումբ ունենալ. չեմ ասում՝ հազարավոր մարդկանցից բաղկացած. կարող են 20-30 հոգի լինել. մի քանիսը՝ Երևանում, մի քանիսը՝ մարզերում: Չեմ կարծում, որ դա մեծ ջանք կպահանջի»:
Առողջապահության նախարարն էլ ասաց. «Կարծում եմ՝ օգտակար կլինի այդպես հարցերը բերել, կկազմակերպենք»: