Իրանում դեկտեմբերի 28-ից մեկնարկած բողոքի ցույցերի պատճառներն ի սկզբանե եղել են սոցիալ-տնտեսական: Դա կառավարության համար ընդունելի է եղել, սակայն հետագայում իրավիճակը փոխվել է: Այդ մասին լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակում հայտարարել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Ըստ դեսպանի՝ Իրանում փորձել են անել այն, ինչ Սիրիայում:
«Մարդկանց փոքրաթիվ մի խումբ կարողացավ յուրացնել և այլ հուն տեղափոխել խաղաղ ցույցերը: Տեղի ունեցան զինված բախումներ: Հրկիզվեցին հանրային սեփականություն հանդիսացող օբյեկտներ և մարդկանց գույքը: Սա արդեն կազմակերպված հանցավորություն էր: Սրանք մարզված և նախապատրաստված ահաբեկչական խմբեր են: Նրանց նպատակն է, որ մարդիկ զոհվեն, քանի որ Թրամփը հայտարարել էր, որ եթե մարդկանց ուղղությամբ կրակեն, և եթե սպանվեն մարդիկ, ապա ԱՄՆ-ն կմիջամտի:
Իսրայելի որոշ ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին արտգործնախարար Պոմպեոն հայտարարել են, որ Մոսադի ներկայացուցիչներն Իրանի փողոցներում են, և պարզ դարձավ, որ դրանք ընդամենը խոսքեր չեն:
Ցավոք սրտի, այս ամենի հետևանքով սպանվեցին թե՛ ոստիկանության ներկայացուցիչներ, թե՛ խաղաղ բնակիչներ և, իհարկե, սպանվեցին նաև հենց այդ ահաբեկչական խմբի ներկայացուցիչներ, որոնք նախապես մարզվել և հետո տեղափոխվել են Իրան:
Այն, ինչին մենք ականատես եղանք հունվարի 9-ին և մասամբ հունվարի 10-ին, Իրանի դեմ ծավալված 12-օրյա պատերազմի 13-րդ օրն էր: 12-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և Իսրայելը չհասան իրենց նպատակին, և Իրանում խռովության և անկայունության ստեղծումը համարվում են նրանց պլանի հաջորդ քայլը:
Ամեն դեպքում անցած շաբաթ օրվա գիշերվանից իրավիճակը Իրանում վերահսկելի է և հանգիստ»,- ասել է դեսպանը: