Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ զորակոչի թվի աճին:
«2023-ի համեմատությամբ 2025 թվականին ունեցել ենք զորակոչի 19 տոկոս աճ: Սա մեր փոփոխությունների՝ ոչ միայն օրենսդրական, այլև Կառավարության որոշումների` մասնավորապես 404, 405 որոշումների փոփոխության արդյունքներն են: Սա համարում եմ էական հաջողություն»,- ասաց նա:
«Մեծ կարևորություն եմ տալիս 25-օրյա հավաքներին»,- նշեց նախարարը:
«Այս տարիների նշանակալի ձեռքբերումներից եմ սա համարում. մասնավորապես, սա ապահովելու է պահեստազոր, թիկունք և բանակ կապը, որովհետև առիթ եմ ունեցել նաև ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր՝ մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ: Չեմ ասի, որ խնդիրը ամբողջությամբ հաղթահարված է, բայց հիմնաքարը դրված է: Մենք արդեն ունենում ենք, ըստ էության, 100 տոկոս համալրում պահեստազորի 25-օրյա հավաքների: Սա նշանակում է, որ մեր օրենսդրական փոփոխությունները, մեր պատկան մարմինների հետևողականությունը, տարածքային կառավարման մարմիններ, կառավարություն և ՏԻՄ համագործակցությունը, ինչպես նաև վերջերս հնարավորություն ենք ընձեռել սրան մասնակից դառնալ ռազմական ոստիկանությունը, և կարծում եմ, որ սա տալիս է իր դրական պտուղները»,- ասաց Սուրեն Պապիկյանը: