Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենը և Վիվիան Մոտցֆելդտը հունվարի 14-ին Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ հաղորդել է դանիական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ժամանակացույցին, որը կարող է փոփոխվել:
Ավելի վաղ CBS-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմի անդամները հունվարի 14-ին կհանդիպեն դանիացի պաշտոնյաների հետ՝ Գրենլանդիայի հարցը քննարկելու համար։ Ռուբիոն էլ ասել էր, որ Դանիայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա այս շաբաթ։
Գրենլանդիան համարվում է Արկտիկայի անվտանգության ապահովման կենտրոնական օղակը, ծովային ուղիների մեկնարկային կետը, տարածք, որտեղ գտնվում են հազվագյուտ մետաղներ և այլ ռեսուրսներ։ Արևմտյան ԶԼՄ-ները նշել են, որ կղզում կան գրաֆիտի, պղնձի, ցինկի, ոսկու, ադամանդի, երկաթի հանքաքարի, տիտանի, վանադիումի, ուրանի պաշարներ: Ընդ որում՝ երկրաբանահետախուզական աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել: Գրենլանդիայում է գտնվում նաև ԱՄՆ-ի «Պիտուֆիկ» տիեզերական բազան: