Բացասական դինամիկա եմ տեսնում: 2020 թվականին բացարձակ թվերով դատաքննության փուլում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 61 անձի նկատմամբ, 2021 թվականին՝ 233, 2022-ին՝ 343, 2023-ին՝ 519, 2024-ին՝ 233, 2025-ը դեռ ամբողջությամբ ամփոփված չէ, բայց առաջին կիսամյակում ունենք 118 անձի նկատմամբ վաղեմության հիմքով հետապնդման դադարեցում, որը, կարծում ենք, մարտահրավեր է, որն անհրաժեշտ է հաղթահարել: Այդ մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Նա միաժամանակ նկատեց՝ նոր Քրեական օրենսգիրքն այս հարցը կարծես թե լուծել է, ավելի երկար ժամկետներ է նախատեսել:
«2022 թվականից հետո քրեական վարույթներով մենք այս մարտահրավերը չենք ունենալու, բայց մենք ակնհայտորեն այս մարտահրավերն ունենք մինչև 2022 թվականը՝ կապված կատարված հանցագործությունների հետ:
Այստեղ կարծում ենք, որ առաջինն անհրաժեշտ է աշխատանքի ճիշտ պլանավորում, վիճակագրությունը բացարձակ թվերով հաշվելուց այլևս ձեռնպահ մնալ, ավելի շատ վերլուծություն անել մեծ թվերի հետ, և, ինչը ոչ պակաս կարևոր է, այսօր, նաև մեղադրանքների հետ կապված վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները հաշվի առնելով, մեկ վարույթով միացնել այն գործերը, որոնք վերաբերում են նույն անձանց, և սա թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը:
Կոռուպցիոն գործերով մենք ունենում ենք նաև փողերի լվացման մեղադրանքներ, որոնք ևս ընդհատում են վաղեմության ժամկետի ընթացքը: Կարծես թե դատական պրակտիկան լուծումն առաջարկել է: Կարծում ենք՝ այստեղ ամենամեծ մարտահրավերը մնում է [այն], որ յուրաքանչյուր դատավոր իր ամենօրյա աշխատանքի մեջ կարողանա առաջնայինը երկրորդականից տարբերել, և ստրատեգիական առումով տակտիկական քայլերը մշակելու դեպքում հնարավորություն տալ՝ ժամանակին ավարտելու դատարանում քրեական վարույթները»: