Սիրիայի վիճակը մի տեսակ քրոնիկ է, այսինքն՝ մարդիկ արդեն սովորել են, ցավով եմ ասում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սիրիայում կառավարական և քրդական ուժերի միջև տեղի ունեցող բախումների ֆոնին մեր հայրենակիցների վիճակին:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, և եթե այդ հնարավորությունն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն՝ խաղաղ պայմաններ լինում են պարբերաբար, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան մշուշոտ է Սիրիայում:
Այս բախումներն էլ, որ Հալեպում կան, բավականին լուրջ բախումներ են կառավարական ուժերի և քրդական միավորումների միջև»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր հայրենակիցների հետ մշտական կապի մեջ են, տեղյակ են բոլոր զարգացումներից:
Օրեր առաջ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ քրդերի հետ մի քանի օր տևած կատաղի բախումներից հետո Հալեպում հրադադար է հաստատվել։ Սիրիայի կառավարական բանակի և քրդական ուժերի միջև բախումների ընթացքում զոհվել է առնվազն 21 մարդ։
Սիրիական բանակն ավարտել էր Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում մաքրման գործողությունները, ինչը նշանակում է, որ կառավարական ուժերը վերահսկում են քաղաքի զգալի մասը, այդ թվում՝ նախկինում քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքները՝ գրում էին արևմտյան ԶԼՄ-ները։