Սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը հաղորդում է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ մարտիկների վերջին ստորաբաժանումները լքել են Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանը և ավտոբուսներով ուղևորվել երկրի հյուսիս-արևելք։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տասը ավտոբուսով 350 զինյալ է տեղափոխվել Հալեպի արևելյան արվարձան, որտեղից նրանք պետք է ուղևորվեն Եփրատի արևելյան ափ։
Նշենք՝ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ քրդերի հետ մի քանի օր տևած կատաղի բախումներից հետո Հալեպում հրադադար է հաստատվել։
Սիրիական կառավարական բանակի և քրդական ուժերի միջև բախումների ընթացքում զոհվել է առնվազն 21 մարդ։
Ակնկալվում էր, որ ըստ Սիրիայի նոր իշխանության հետ ձեռք բերված համաձայնության՝ քրդական ուժերը պետք է ինտեգրվեն սիրիական բանակին մինչև 2025 թվականի վերջ, սակայն վերջին օրերին կողմերը միմյանց մեղադրեցին գործարքը ձախողելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալները ուրբաթ օրը կազմակերպված ձևով դուրս են գալու Հալեպի Շեյխ Մաքսուդ ու Էշրաֆիե շրջաններից դեպի երկրի հյուսիս-արևելք, սակայն ավելի ուշ զինյալների մի խումբ հրաժարվել էր դուրս գալ Շեյխ Մաքսուդից ու կրակ էր բացել Սիրիայի ներքին անվտանգության ծառայության աշխատակիցների ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Սիրիայի ՊՆ-ն քրդամետ ուժերին ժամանակ էր տվել Հալեպից դուրս գալու համար: