ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն երբեք ՆԱՏՕ-ն չի թողնի միայնակ դիմակայելու արտաքին սպառնալիքներին։
«Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենա ՆԱՏՕ-ից, եթե ԱՄՆ-ն այնտեղ չլինի։ Ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կգա մեզ օգնության, եթե մենք իսկապես նրանց կարիքն ունենանք: Բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՆԱՏՕ-ի, նույնիսկ եթե այն չգործի հանուն մեզ»,- գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը նաև հայտարարել է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում վերակառուցել է ԱՄՆ զինված ուժերը և շարունակում է այդ գործընթացը։ Նա հավելել է, որ համոզել է դաշինքի երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը տարեկան ՀՆԱ-ի 2%-ից մինչև 5%։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է պաշտպանական նպատակներով, և նշել, որ «մյուս կողմերը պետք է իրենք որոշեն, թե Վենեսուելայում ռազմական գործողություններն ինչ են նշանակում Գրենլանդիայի հարցի համար»։
Ի պատասխան՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները կարող են ավարտվել ՆԱՏՕ-ի փլուզմամբ: