Մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են և առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ նկատում են որևէ կասկածելի բան: Շատ հաճախ խնդիրների մասին ահազանգում են դպրոցները: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցահասակների շրջանում թմրանյութերի իրացմանն առնչվող խնդիրներին, որի դեմ պայքարի շրջանակում ԿԳՄՍՆ-ն համագործակցում է ՆԳՆ-ի հետ:
Նախարարն արձանագրեց՝ ցավոք, թմրանյութերը մեր իրականության մասն են, ապա խոսեց անելիքներից. «Դպրոցները պաշտպանելու կարիք կա: Մեր անելիքը տեսնում եմ անվտանգության ստանդարտների սահմանման և դրանց իրացման մեջ»:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ առաջիկայում կլինեն նաև դպրոցի մուտքը սահմանափակող հատվածներ, որոնք թույլ չեն տա առանց խոչընդոտի մուտք գործել դպրոց: Դպրոցներում կտեղադրվեն նաև տեսախցիկներ, հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասներ են, և կապահովվի նաև պարբերական կապ համայնքային ոստիկանության հետ, կլինեն նաև այցեր:
«Համայնքային ոստիկաններն այն մարդիկ են, որոնք պետք է աչալուրջ լինեն և աշխատեն երեխաների հետ: Հետևողական, համակարգված, համատեղ աշխատանք. սա պիտի անենք և մեր երեխաներին էլ զուգահեռ իրազեկենք»,- ասաց նա: