Ամեն շաբաթ լինում եմ հուշահամալիրում: Վերջին անգամ եղել եմ դեկտեմբերի 30-ին: Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն աշխատանքները դադարեցվել են, իսկ հունվարի 5-ից վերսկսվել են: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացող նորոգման աշխատանքներին:
Ինչ վերաբերում է հուշահամալիրի բաց լինել-չլինելուն, նախարարը տեղեկացրեց, որ չնայած իրականացվող աշխատանքներին՝ հուշահամալիրն այսօր էլ բաց է:
«Հուշահամալիրը, թանգարանը բաց են, և որևէ օր, որևէ ժամ չեն փակվել: Դրանք չեն փակվելու որևէ օր և որևէ ժամ, այդ թվում՝ ապրիլի 24-ին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ընթացող աշխատանքներն ավարտին հասցված կլինե՞ն մինչև ապրիլի 24-ը, նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ դրա համար ամեն ինչ արվում է:
«Մենք արդեն սկսել ենք երեք մույթի, սալերի տեղադրման աշխատանքները: Բնականաբար, լրացուցիչ մասնագիտական քննարկում տեղի ունեցավ այն պահին, երբ սալերը տեղադրվում էին, և կարող եմ վստահաբար ասել, որ մասնագիտական հանրույթի հետ, մասնակցային ամենահնարավոր ձևաչափով քննարկելով, աշխատանքներն արվում են, արվում են պատշաճ որակով: Իմ ամենշաբաթյա այցելությունների ժամանակ ինձ հետ են նաև մասնագետները:
Ես յուրաքանչյուր այցի ժամանակ առանձին անդրադառնում եմ մասնագիտական հնարավոր դիտարկումներին: Պետք է ասեմ, որ որևէ մտահոգություն մեր քաղաքացիները կարող են չունենալ: Հուշարձանն այսօր էլ բաց է, ովքեր ուզում են այցելել, և ապրիլի 24-ին էլ սկսված աշխատանքները ավարտված կլինեն»,- ասաց նա: