Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում պիտի փաստեմ, որ ՀՀ-ն ամենաարագն է հասել այս հանգրվանին. այն է` գործողությունների ծրագրի հանձնումը պետությանը: Սա չափազանց պարտավորեցնող գնահատական է, որովհետև ԵՄ-ն ևս գնահատում է այն ջանքերը, այն բարեփոխման օրակարգը, որ ՀՀ-ն ունի, և այն նվաճումները, որոնք ՀՀ-ն արդեն իսկ գրանցել է: Այդ մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե երբ կարող են մեկնել Եվրոպա առանց վիզայի:
«Վիզաների ազատականացման կոնկրետ վերջնաժամկետ ես բնականաբար չեմ նշի, որովհետև մենք ստացել ենք գործողությունների ծրագիր, որն ունի կոնկրետ միջոցառումներ, որոնք պետք է նվաճված լինեն, այսինքն՝ մեզանից է կախված, թե այս գործողությունների ծրագրում ներառված միջոցառումները մենք որքան արագ կկարողանանք իրականացնել, և եվրոպական կողմը երբ հնարավորություն կունենա տալու իր գնահատականները միջոցառումների կատարողականի վերաբերյալ: Ես՝ որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, և ՆԳՆ-ն՝ որպես պրոցեսի համակարգող, անում են առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք պրոցեսը ճիշտ և արագ կերպով իրականացնել և առաջ տանել: Մյուս մարմինները, որոնք այս կամ այն միջոցառումներն ունեն պրոցեսի շրջանակներում, ևս նույն հանձնառությունն ունեն, և մենք համատեղ ջանքերով մշակել ենք գործողությունների ծրագրի իրականացման հստակ և կոնկրետ պլան, որի շրջանակներում կարողանալու ենք արագ կերպով իրականացնել գործընթացը:
Մենք ունենք 74 հենանիշ, որոնք նախատեսված են գործողությունների ծրագրում. դրանք տարբեր ոլորտներին են վերաբերում՝ անվտանգ փաստաթղթեր, բիոմետրիկ համակարգի ներդրման միջոցառում է ենթադրվում ունենալ, միգրացիոն ոլորտի համապարփակ կարգավորում, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերանայում և վերաարժևորում որպես այդպիսին, առողջության համընդհանուր ապահովագրությունը ևս ծրագրի կարևոր բաղադրիչ է, և այսպես շարունակ: Գործընթացները շատ են, գործողությունները շատ են, բայց ես ուզում եմ մի կարևոր արձանագրում անել. մենք չեք անում այս գործողությունները հանուն վիզաների ազատականացման. առաջին հերթին այս գործողությունները միտված են ՀՀ քաղաքացու կյանքի որակի փոփոխմանը: Ես խոսեցի բիոմետրիկ համակարգի մասին, առողջության համընդհանուր ապահովագրության մասին, մարդու իրավունքներին վերաբերող տարբեր գործողություններ կան, այս գործողոություններն ի վերջո ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգում եղել են, կան ու կշարունակեն մնալ: Այս բարեփոխումները եղել են մեր Կառավարության հանձնառությունների շրջանակում, և շատ կարևոր է, որ մի շարք միջոցառումներ, որոնք նոր են արձանագրվում գործողությունների ծրագրում, մենք հասցրել ենք ամբողջությամբ կամ ներդնել, կամ դրանց ներդրման ճանապարհին ենք, կամ գոնե քննարկման պրոցեսում ենք գտնվում: Այո՛, այս փոփոխությունները մեզ հնարավորություն կտան վիզաների ազատականացում ունենալ արդեն ԵՄ տարածքում»,- նշեց նա: