Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրեց ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Ըստ նախարարի տեղակալի՝ հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում, և առնչվում է երկու խումբ անձանց: Առաջինն առնչվում է ոչ բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող քաղաքացիներին: Այս պարագայում ԱՄԷ քաղաքացիների վարորդական վկայականները թեթև մարդատար ավտոմոբիլների կարգի վերաբերյալ վկայականներով և օրինական գտնվելու ժամկետի հիմքով փոխադարձաբար ճանաչվում են, և նրանք կարողանում են ազատ վարել ՀՀ-ում:
«Մեր քաղաքացիների պարագայում, օրինական գտնվելու ժամկետով, ԱՄԷ-ում B կարգի և D1 կարգի ենթակարգերի վարորդական վկայականներով նրանք կարող են ազատ երթևեկել ԱՄԷ-ում:
Հիշեցնեմ, որ B կարգը թեթև մարդատար ավտոմոբիլներն են, իսկ D1 կարգը՝ փոքր ավտոբուսը՝ մինչև 16 տեղանոց տրանսպորտային միջոցը:
Միակ պայմանն այն է, որ վարորդական վկայականների տնօրինողի տարիքը պետք է բավարարի ժամանման երկրի ազգային օրենսդրության տվյալ ենթակարգի վարորդական վկայականի համար սահմանված նվազագույն տարիքը, այն է՝ 18 տարեկանը, D1-ի պարագայում՝ 21 տարեկանը:
Բնակության նպատակով, այսինքն՝ կացության կարգավիճակի ձեռքբերման հիմքով, եթե անձինք մեկը մյուսի տարածքում են, ապա կարող են դիմել և վարորդական վկայական ստանալ՝ ազատված լինելով տեսական և գործնական քննություններից: Նաև պիտի բավարարեն մի շարք վավերապայմաններ, այդ թվում՝ ունենան կացության վավեր կարգավիճակ, վավեր վարորդական վկայական, ինչպես նաև պետք է բավարարեն տվյալ ենթակարգի համար սահմանվող նվազագույն պահանջները:
Այլ ենթակարգերի և կարգերի պարագայում անձինք պետք է հանձնեն տեսական և գործնական քննություններ»,- ասաց նախարարի տեղակալը: