ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է Ռիյադում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակներում ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի բարձրաստիճան հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ հակամարտությունների կանխարգելման, հասարակությունների միջև վստահության վերականգնման և բոլոր համայնքների արժանապատվության և ինքնության պաշտպանության գրավականը խաղաղության և բռնության դեմ պայքարի մշակույթի խթանումն է` հիմնված հանդուրժողականության և փոխըմբռնման վրա:
Այս համատեքստում նշել է, որ Հայաստանը ակտիվորեն նպաստում է ատելության խոսքի, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության դեմ ուղղված համաշխարհային ջանքերին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ ներգրավվածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի ոգու վերականգնումը» նախաձեռնության շրջանակներում իրականացվող Իրաքի փաստագրական մշակութային ժառանգության վերականգնմանը, Լիբանանում «Կապույտ վահան» կազմակերպության կողմից իրականացվող միջազգային նախագծերին, ինչպես նաև Պաղեստինի Պետության հետ համագործակցությանը` ուղղված վերջինիս վտանգված փաստագրական մշակութային ժառանգության պաշտպանությանը:
Ներկայացրել է նաև 1954 թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի նախաձեռնած և միաձայն ընդունված բանաձևը՝ ուղղված նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդմանը:
ԱԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ շեշտել է ՀՀ առաջնահերթությունն` ուղղված երիտասարդության հզորացմանը և բազմազանության ու ներառականության խթանմանը: Այս համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրել է 2027 թ․ Հայաստանում հյուրընկալվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերին:
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանի համար կանխարգելման օրակարգի առաջնահերթությունը` վկայակոչելով 2025 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարցացումներին` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը:
Այս համատեքստում կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություննեի իրականացումը` ի նպաստ Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդման, ավելի կայուն և համագործակցային միջավայրի հաստատման:
Կարևորվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ու դրա կարևոր բաղադրիչի՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացումը՝ մարդկանց միջև շփումների միջոցով տարածաշրջանում խաղաղության խթանման և վստահության ամրապնդման համար: