Բաքու կատարած այցից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ինստագրամի իր էջում արված գրառմամբ ամփոփել է Թեհրան-Բաքու հարաբերությունների ծրագրերը, նպատակները և հեռանկարները՝ տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Արաղչին գրել է, որ Բաքու դեկտեմբերի 7-8-ը վերջին այցի ընթացքում լայնածավալ և կառուցողական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։
Արաղչին հավելել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դուրս են գալիս աշխարհագրական հարևանության շրջանակներից, դրանք արտացոլում են երկու ժողովուրդների պատմական, մշակութային և քաղաքակրթական խոր կապերը։
Նա գրել է. «Այսօր այդ հարաբերություններն ընդլայնվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ, քաղաքական, մշակութային ու հումանիտար: Երկու երկրները վճռական են իրենց համագործակցությունը բարձրացնելու ռազմավարական մակարդակի՝ հենվելով այս ընդհանուր հիմքի վրա»:
Արաղչին նշել է, որ հանդիպումների ժամանակ կարևորվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես բոլոր երկրների առաջընթացի և բարգավաճման նախապայման։
Նաև ընդգծվել է, որ ոչ մի երրորդ կողմ չպետք է կարողանա բացասաբար ազդել Իրանի ու Ադրբեջանի միջև կառուցողական հարաբերությունների վրա: «Թեհրանն ու Բաքուն վճռական են կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընդհանուր, անվտանգ և արժանապատիվ ապագա»,- նշել է Իսլամական Հանրապետության գլխավոր դիվանագետը։