2024 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած շվեյցարացի երգիչ Նեմոն որոշել է վերադարձնել իր մրցանակը։ Այդ որոշումը նա կայացրել է ի նշան Իսրայելին 2026 թվականի մրցույթում ընդգրկվելու դեմ բողոքի՝ գրել է երգիչը Instagram-ում։
«Եվրոպական երգի մրցույթը ներկայացնում է «բոլոր մարդկանց միասնությունը, ներառականությունն ու արժանապատվությունը», և հենց այս արժեքներն են մրցույթը դարձնում այդքան կարևոր: Եթե բեմում մեր փառաբանած այս արժեքները կյանքի չեն կոչվում կուլիսների ետևում, նույնիսկ ամենագեղեցիկ երգերը կորցնում են իրենց իմաստը»,- նշել է երգիչը։
Ավելի վաղ երաժշտական մրցույթին Իսրայելի մասնակցությանը դեմ էր արտահայտվել «Եվրատեսիլ-2025»-ի հաղթող, ավստրիացի երգիչ JJ-ը: Նա զուգահեռներ է անցկացրել Իսրայելի կառավարության գործողությունների և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի միջև։
Իսրայելի մասնակցության պատճառով հաջորդ տարվա մրցույթը որոշել են բոյկոտել Նիդերլանդների, Իսպանիայի, Իռլանդիայի և Սլովենիայի հեռարձակողները: Ավելի ուշ նրանց է միացել Իսլանդիան։ Սակայն մի շարք երկրներ էլ, այդ թվում՝ Գերմանիան, սպառնացել են հրաժարվել մրցույթին մասնակցելուց, եթե Իսրայելին մերժեն։
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան Վիեննայում մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին։