Արևմուտքն սպասում է ճանապարհների ապաշրջափակմանը, խաղաղության հաստատումից հետո Հայաստանը հետաքրքիր է դարձել աշխարհի համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումների օրակարգը հիմնականում տնտեսությունն էր:
«Ե՛վ Բեռլինում, երբ մենք Գերմանիայի Արևելյան բիզնեսի հանձնաժողովի հետ էինք հանդիպում, և՛ Համբուրգում, երբ հանդիպում էինք գործարարների խմբի հետ, բոլորին հետաքրքիր էր, թե երբ է բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանը, երբ է բացվելու Հայաստան-Ադրբեջան սահմանը, որովհետև բազմաթիվ ծրագրեր կան Եվրոպայում՝ կապված Միջին Ասիայի հետ, կապված Չինաստանի հետ:
Այդ ծրագրերի տրամաբանությունն այն է, որ այդ ամբողջ ապրանքները պիտի գան և միջին միջանցքով գնան: Մի ճանապարհը, եթե Ադրբեջան-Վրաստան-Սև ծովն է, մյուս ճանապարհը (իրենց բառերն եմ փոխանցում), իրենք տեսնում են Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Միջերկրական ծով կամ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա:
Այս տեսանկյունից ուզում եմ նշել, որ շատ կարևոր խոսակցություններ ենք ունեցել, տարբեր ծրագրեր ենք քննարկել, ընդհուպ իրենց առաջարկած, օրինակ, կանաչ ջրածնի տեղափոխման հնարավորությունն ենք քննարկել, որովհետև իրենք հիմա շատ մեծ ծրագրեր են իրականացնում այդ կոնտեքստում, և այս ամեն ինչը կապված է «Խաղաղության խաչմերուկի», TRIPP-ի, ճանապարհների ապաշրջափակման հնարավորության հետ, և պետք է նշեմ, որ Արևմուտքը մեզ նման սպասում է այդ ճանապարհների ապաշրջափակմանը»,- ասաց նա: