Անրաժեշտ է ձևավորել ճգնաժամային իրավիճակների, իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների և այլ ահազանգերի մասով արձագանքման՝ բնակչության համար առավել մատչելի և արդյունավետ համակարգ: Այն միաժամանակ կապահովի արձագանքման ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, ինչի համար բոլոր ահազանգերի համար կստեղծվի մեկ միասնական կառավարման կենտրոն՝ մեկ միասնական հեռախոսահամարով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՆԳՆ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Օպերատիվ կառավարման գրասենյակի հիմնական գործառույթները կլինեն օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում՝ ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, արձագանքող ուժերին կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը, արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում, ինչպես նաև բնակչության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ արձագանքող ուժերի ներգրավման կազմակերպումը, ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ տեղեկությունների մասնագիտական վերլուծության իրականացումը, որը ճգնաժամային կառավարման համար պետք է ապահովի անհրաժեշտ տեղակատվական բազա և օգտագործվի հետագա կանխարգելիչ միջոցառումների համար:
«Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված՝ առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման և ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը՝ դրանց տեխնիկական համակարգերն ամբողջ ծավալով փոխանցելով նոր գրասենյակին»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալը:
Զուգահեռաբար կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ կկատարվեն նաև ՆԳՆ-ում և ՓԾ-ում:
«Ոստիկանության և ՓԾ-ի ահազանգերի հեռախոսահամարների՝ 102-ի, 911-ի, 101-ի փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ-ում առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է: Այդ հեռախոսահամարի նախատեսումը դրական է գնահատվել նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում:
102, 911, 101 հեռախոսահամարները կշարունակեն գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին: Համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից»,- հայտնեց նա:
Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծման երկրորդ փուլով աշխատանքներ կիրականացվեն շտապ բուժօգնության կանչերի սպասարկման գործառույթը ևս սպասարկման գրասենյակին փոխանցելու ուղղությամբ: