Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի վրա և պատրաստ է դա գրավոր արձանագրել՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Նախագահն այդ մասին շատ հստակ ասել է՝ ոչ մի ագրեսիվ ծրագիր ՆԱՏՕ-ի անդամների, ոչ էլ Եվրամիության անդամների նկատմամբ։ Պատրաստ ենք իրավական փաստաթղթում գրավոր ամրագրել համապատասխան երաշխիքները, իհարկե, կոլեկտիվ, փոխադարձ հիմքի վրա, վերը նշված մոտեցման համատեքստում: Եթե Եվրոպան որոշի պատերազմել, մենք դրան պատրաստ ենք թեկուզ հիմա»,- հավելել է դիվանագետը:
Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ, և առաջին հերթին ամերիկյան կողմի հետ, քանի որ հենց Վաշինգտոնն է ցույց տալիս արդյունքի հասնելու լուրջ տրամադրվածություն:
«Մենք իսկապես ցանկանում ենք ավարտել հակամարտությունը։ Մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա նաև տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, ռուսական կողմը Կիևին է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների ավելի քան 11 հազար աճյուն, ի պատասխան ստացել է 201 զինվորի աճյուն: