ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի 2026 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեի առաջարկը, որն ազգային պաշտպանության համար հատկացնելու է ռեկորդային` 901 միլիարդ դոլար, ինչը 8 միլիարդ դոլարով գերազանցում է նախագահ Դոնալդ Թրամփի հարցմանը։ Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ օրենսդիրների հրապարակած փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, ներառում է 400 միլիոն դոլար 2026 և 2027 թվականներին Ուկրաինային ռազմական օգնության համար։
Փաստաթղթի հրապարակված տարբերակը նաև խոչընդոտում է եվրոպական երկրներից զորքերը դուրս բերելու՝ Թրամփի հնարավոր ծրագրերը՝ Եվրոպայում ամերիկյան ուժերի թվաքանակի կրճատման նոր սահմանափակումներ մտցնելով, նշում Է Politico-ն: Պարբերականի կարծիքով՝ դա Կոնգրեսում երկու կուսակցությունների «հանդիմանությունն է»՝ ուղղված Թրամփի վարչակազմին: Օրենսդիրները մտավախություն ունեն, որ այն կարող է սահմանափակել ԱՄՆ-ի պարտավորությունները եվրոպական մայրցամաքում:
Օրինագիծը համակարգում է ԱՄՆ նախագահի մեկ տասնյակից ավելի հրամանագրեր, այդ թվում՝ ԱՄՆ-ում ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրությունն արագացնելու, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը «Ոսկե գմբեթ» հակահրթիռային վահանի վերածելու վերաբերյալ և հարավային սահմանը պարեկելու համար գործող զորքերն օգտագործելու թույլտվություն:
Միևնույն ժամանակ, օրենսդիրները Պենտագոնը չեն վերանվանել «պատերազմի նախարարություն», ինչպես այն անվանում են Թրամփն ու նախարար Փիթ Հեգսեթը: Ամբողջ տեքստում պահպանվում են «պաշտպանության նախարարություն» և «պաշտպանության նախարար» հաստատված եզրերը։
Ինչպես նշում է Reuters-ը, օրինագծի վերջնական տարբերակը երկու կուսակցությունների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարության, զինված ուժերի կոմիտեների ղեկավարների և Սպիտակ տան միջև մի քանի շաբաթ տևած բանակցությունների արդյունք է։