Հիմա նաև տեղի ունեցավ վերջին կարևոր իրադարձությունը. ընդդիմությունը կոչ էր անում հրապարակել բանակցային փաթեթը: Հրապարակվեց: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության հրապարակած՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող՝ պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթերի, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
«Երբ ընդդիմությունը խոսում է բանակցային գործընթացի մասին՝ այսպես պետք է լիներ, այնպես պետք է լիներ, հարգելինե՛րս, իրենք 30 և ավելի տարի իշխանություն էին, բա որ շանսեր կային, ինչի՛ չեք լուծել: Եկեք անդրադառնանք այս հարցին: Այսինքն՝ եղել է լուծման, ինչպես իրենք են ասում՝ հայամետ լուծման շանս, դուք չե՞ք արել, բա ինչի եք մեզ դավաճան ասում: Ուրեմն դուք եք, ձեզանից մեծ դավաճան չկա՝ տարբերակ Ա, և տարբերակ Բ՝ այդ ամենն ընդամենը աչքակապոցի էր»,- հայտարարեց վարչապետը:
Ինչ վերաբերում է 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին, ընդգծեց՝ այն հրապարակված է:
«Ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել: Այդ փաստաթուղթը սկսվում է՝ «Մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս»: Ես երեկ մի քննարկմանն արձանագրեցի, որ այդ նրբությանը չեմ անդրադարձել: Այդ 2019-ի փաստաթուղթը ոնց է հայտնվել: 2019-ի այդ փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ՝ երբ ես 2018-ին վարչապետ եմ դարձել, խնդիր եմ դրել համանախագահների առաջ, ասել եմ՝ լիքը թղթեր կան, ես չեմ հասկանում՝ այս թղթերից ո՛րն է այս պահին մեկնարկային կետը բանակցային գործընթացի՝ նախորդող շրջանի սեղմագիրը: 2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ ասել եմ՝ ինձ ասեք՝ որն է սեղմագիրը նախորդող շրջանի: Համանախագահողները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր: Եվ այդ համատեքստում է, որ հարց եմ տվել, ասել եմ՝ լավ, ես կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը՝ այս փաթեթներով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում՝ որևէ մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնի: Էլ չեմ ասում՝ այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի՝ այս ամբիոնից ունեցած ելույթն էր: Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում բանակցային գործընթացի»,- հայտնեց վարչապետը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չի հրապարակվել Քի Վեսթի փաթեթը, ասաց՝ այն չկա:
«Որովհետև չկա Հայաստանի Կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաթեթ: Քի Վեսթի փաթեթի հենքը այն է, ինչը տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը տվել է «Հայկական ժամանակ» թերթին, և հրապարակվել է: Դա է Քի Վեսթի գաղափարական հիմքը, և էլ չեմ ասում՝ դրա կարիքը չկա էլ»,- հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին բանավեճի հրավիրելուն, ընդգծեց՝ հիմա բանավեճի չի էլ հրավիրում:
«Հրավիրեմ էլ՝ ի՛նչ խոսեմ, էլ բանավիճելու բան չկա: Թող կարդան, պատմեն, ի՛նչ պիտի պատմեն, պատմելու բան էլ չկա»,- խոսքը եզրափակց վարչապետը: