Արդեն երկու տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օդի որակի չափումներ: 2024 թվականից խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրված են սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի GIS համակարգին:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ 175 սարքից ստացվող տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից:
«Ցավալին այն է, որ երևույթը բարդ գործոններով է պայմանավորված, առաջին հերթին՝ մեր աշխարհագրական դիրքով և այս ժամանակահատվածում նաև որոշակի եղանակային պայմաններով, օդի ինվերսիայով, այդ օդը գալիս է մեր տարածաշրջան և շատ էական ժամանակ մնում է:
Իհարկե լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք, շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն այդ լուծումները։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար։
Իսկ կարճաժամկետի մասով՝ հետևյալն է. հնարավոր է 10-15 կրիտիկական օր, որոնց մասին նախօրոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական, ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անենք, դա կարող է ազդել 45-60 օրվա վրա: Խոսքն այն մասին չէ, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց 10 օր ճիշտ, թիրախային, կետային աշխատանքի դեպքում մենք կարող է հնարավորություն ունենանք մոտ 20 տոկոսի ազդեցություն ունենալ, ինչը էական է»,- ասել է Ավինյանը:
Քաղաքապետը նշել է, որ կառուցապատողներին նաև պետք է տեղեկացնել փոշու ճնշիչ սարքերի տեղադրման մասին, կարգավորման վերաբերյալ որոշումը քաղաքապետարանը կընդունի դեկտեմբերին: Պաշտպանիչ ցանցերից զատ, նաև դրանք կդառնան պարտադիր: