Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։
Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն թեման, որն արծարծել են Եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու խնդրին և նշել, որ պետության և հասարակության արժեքահեն լինելը կապված է նաև հոգևոր կյանքի հետ։
Ընդգծվել է, որ մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին, և իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները՝ դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը։
Կաթողիկոսը առ ոչինչ է համարել իր իսկ ստեղծած հանձնախմբի փորձաքննության արդյունքները, ավելի վաղ հայտարարություն էին տարածել եպիսկոպոսները: Նշվում էր, որ հանձնախումբը պետք է ուսումնասիրեր ու եզրակացություն ներկայացներ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերի վերաբերյալ, որի իսկությունը փորձաքննությամբ հաստատել է Քննչական կոմիտեն: Հանձնաժողովը քանիցս ի պաշտոնե, այդ թվում նաև անհատ եպիսկոպոսներ, խնդիրը հետևողականորեն հանձնել են կաթողիկոսի ուշադրությանը: Եվ եպիսկոպոսների համար խիստ տարակուսելի և ծայրաստիճան անհանգստացնող է նրա որդեգրած մոտեցումը:
Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ վարչապետը հայտնել էր, որ այսօր հանդիպելու է հայտարարությունը ստորագրած հոգևորականների հետ։