Եպիսկոպոսները քաջություն դրսևորեցին մեր Եկեղեցու պղծության փաստն արձանագրելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների հայտարարությանը:
«Եկեղեցին մաքրվում է: Զորակցությունս եպիսկոպոսներին»,- գրել է Հարությունյանը:
Եպիսկոպոսաց հայտարարություն մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին կաթողիկոսն ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի սրբապիղծ արարքը՝ դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ և իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» հայ եկեղեցին առաջնորդելու: Նրա վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով:
Դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ միանալու աշխարհասփյուռ հայության սրբություն-սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»:

