ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոֆիայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 66-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էին ընթացակարգային և բովանդակային մի շարք կարևոր, այդ թվում՝ պատվիրակություններում նոր անդամների հաստատման, ՍԾՏՀ ԽՎ նախագահության փոխանցման գործընթացի, փոխնախագահների ընտրության հարցերը, ինչպես նաև եղել են 2026 թվականի բյուջեին վերաբերող ֆինանսական քննարկումներ:
Կազմակերպությունն ընդունել է համատեղ հայտարարություն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) կողմից Գազայի իրավիճակի և մարդասիրական օգնության աջակցության վերաբերյալ:
Պատվիրակության անդամները մասնակցել են ընդհանուր բանավեճին, որը նվիրված էր Եվրոպական միության և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:
Հանձնաժողովներում քննարկումների առանցքային թեմաներից էին արհեստական բանականության դերը ՍԾՏՀ տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում՝ տնտեսական, իրավական և սոցիալական ոլորտներում դրա կիրառման ու ազդեցության համատեքստում:
Բաբկեն Թունյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված տարածաշրջանային երկխոսության ամրապնդմանը, կայուն զարգացման խթանմանը և Սևծովյան տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով Հայաստանի շարունակական ներգրավվածությունը կառուցողական բազմակողմ գործընթացներում՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, տնտեսական աճի և նորարարության զարգացման: Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Վեհաժողովի ավարտին ՍԾՏՀ ԽՎ հաջորդ՝ 67-րդ լիագումար նիստի նախագահությունը Բուլղարիայից փոխանցվել է Վրաստանին: