Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Այս տեսակ հրդեհներն ու դրանցից արտանետված տոքսինները, ըստ քաղաքապետի, էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքար է տարվում:
«Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Սա նորմալ չէ:
Եվ պետք է հասկանանք թունավորման աստիճանը: Երբ անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց, դա 3-5 անգամ ավելի նվազ վտանգավորություն ունի:
Ձմռան ամիսներին օդի շարժը դանդաղ է, այսինքն՝ եթե մի տեղ դա այրվեց, ժամերով էդ տոքսինները մնում են օդում»,- ասաց քաղաքապետը:
Ըստ Ավինյանի՝ խնդրի կարգավորման համար պետք է որոշակի գործիքակազմ ստեղծել, մեխանիզմներ մշակել: Պետք է սկսել դրա դեմ պայքարել, քանի որ ամեն նոյեմբերից Երևանում սկսվում է օդի վատթարացումը: