Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, տեղի է ունենում նրանց փոխանցումն ուկրաինական կողմին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ուկրաինական կողմի խնդրանքով՝ հարևան պետությունում զինված հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և որպես բարի կամքի ժեստ՝ նախագահը ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, որոնք քրեական հանցագործություններ են կատարել մեր երկրի տարածքում»,- նշել է պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ նրանց փոխանցումն ուկրաինական կողմին ընթացքի մեջ է։