Միացյալ Նահանգները պլանավորում է «Արևների կարտելը», որը, ենթադրաբար, գլխավորում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այդ մասին հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում:
Ըստ Ռուբիոյի՝ «Արևների կարտելը», որը գլխավորում է նրա խոսքով «անօրինական առաջնորդ» Մադուրոն, կոռումպացրել է Վենեսուելայի պետական ինստիտուտները և պատասխանատու է ինչպես մյուս ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված ահաբեկչական բռնությունների, այնպես էլ ԱՄՆ և Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության համար:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Վենեսուելա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին: Թրամփը նշել է, որ իր վարչակազմը Կոնգրեսի հաստատման կարիք չունի Վենեսուելայի ներսում հնարավոր ռազմական գործողություններ սկսելու համար։
Վենեսուելայի նախագահ Մադուրոն դիմել է ԱՄՆ քաղաքացիներին՝ կոչ անելով կանխել պատերազմը Կարիբյան ավազանում: Նա հնարավոր զինված հակամարտությունն անվանել է «ողբերգություն» ամբողջ Ամերիկայի համար և կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի գործողություններն ուղղված են «ամբողջ մարդկության» դեմ:
Նոյեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է բանակցություններ վարել Վենեսուելայի առաջնորդի հետ՝ աճող լարվածության ֆոնին: