Ժամը 8:00-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում բացվել են բոլոր ընտրատեղամասերի դռները: Մեկնարկել է ընտրական օրը:
Վաղարշապատի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրության քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։
Ընտրապայքարին 8 քաղաքական ուժ է մասնակցում՝
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմում ՀՅԴ կուսակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություն
2. «Համահայկական ճակատ» կուսակցություն
3. «Հանրապետություն» կուսակցություն
4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
6. «Ժառանգություն» կուսակցություն
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
8. «Հայրենիք» կուսակցություն:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար ձևավորվել է 47 ՏԸՀ:
Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։
Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները. իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք:
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում քաղաքացիները ընտրություններին մասնակցելու նպատակով կարող են ստանալ ինչպես ժամկետանց անձնագրին փոխարինող փաստաթուղթ, այնպես էլ քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տեղեկանք, ինչը թույլ կտա իրացնել ընտրելու իրենց իրավունքը։
Համակարգված աշխատանք են կատարելու Զանգերի կենտրոնի աշխատակիցները՝ ապահովելով 84-22 կարճ հեռախոսահամարին ընտրությունների վերաբերյալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտին առնչվող զանգերի արձագանքը:
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնելու է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա իրավիճակն ու երաշխավորելով օպերատիվ արձագանքը:
Համայնքում ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն Ոստիկանության ենթակա ծառայությունները՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը. ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության։