Տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հատկապես խորհրդարանական քննարկումների առարկա դարձած մի թեմայի, այն է՝ ՀՀ սահմանի հատվածական սահմանազատումներին:
Փաշինյանը կարևորեց TRIPP-ի իրականացման շրջանակում սահմանների սահմանազատման հարցը:
«Ո՞րը պետք է լինի կառուցվող երկաթուղուն ուղղված առաջին գործողությունը: Պետք է սահմանը սահմանազատվի այն լայնությամբ, որն անհրաժեշտ է, որ անցնի երկաթուղին կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը: Սա նաև ենթակառուցվածքների աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտություն է:
Եթե այդ ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է 5 կիլոմետրանոց կամ 1 կիլոմետրանոց հողաշերտ՝ անհրաժեշտ տեխնիկական լայնությամբ, պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի շինարարն էլ համոզված լինի, թե որ երկրի տարածքում է գործում, որովհետև կոնկրետ Հայաստանի կողմից կամ TRIPP ընկերության կողմից լիազորված շինարարները պետք է համոզվեն, որ Հայաստանի տարածքում են աշխատում: Որպեսզի համոզվեն, որ Հայաստանի տարածքում են աշխատում, պետք է սահմանը սահմանազատված լինի:
Իհարկե կան խորհրդային ժամանակների սահմանագծերը, բայց սահմանազատման գործընթացով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականին՝ վավերացված երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, ընթացակարգով պետք է վերահաստատված լինեն: Այսինքն՝ սա ենթակառուցվածքների կառուցման համար շատ կարևոր առաջին և նախնական քայլն է»,- ասաց նա: