«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաև զինծառայողներին բնակարաններով ապահովելուն, նշեց՝ զինծառայողների բնակապահովման ուղղությամբ ներդրված մի շարք ծրագրերի շնորհիվ ունենք զգալի առաջընթաց:
Նախարարը հիշեցրեց՝ մասնավորապես, 2020 թվականից գործում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի և պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիրը:
«Ծրագրի միջոցով 2025 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն ձեռք է բերել 2035 զինծառայող: 2022-2025 թթ. ընդհանուր բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ բնակարանային կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողների, զոհված և զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովման տողով բնակարան է հատկացվել 564 շահառուի»,- ասաց պաշտպանության նախարարը՝ տեղեկացնելով, որ նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ բնակարան է ձեռք բերել 2600 շահառու: