Ոմն Հայր Սահակ, որին ես հանդիպել եմ Տաթևի վանքում, երբ այցելել ենք Սյունիքի մարզ, հարցազրույց է տվել և ասել է բաներ, որոնք ինձ մոտ խղճահարություն, միևնույն ժամանակ մեծագույն ափսոսանք և ծիծաղ են առաջացել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի խոսնակը նախ մեջբերել է Հայր Սահակի ասածները, ըստ որի՝ Ալեն Սիմոնյանի հետ պատահական է հանդիպել:
«Հանդիպումը եղել է շատ հաճելի ինձ համար: Հայր Սահակն իմ կողմից շատ հարգված հայր Միքայելի հետ ինձ դիմավորեց հենց մուտքի մոտ՝ հետագայում չթողնելով, որ Հայր Միքայելը որևիցե շփում ունենա ինձ հետ: Նա միանձնյա ինձ ամբողջ տարածքը ցույց տվեց: Քննարկեցինք հնարավոր բոլոր հարցերը, և հայր Սահակն ինձ նաև պատմեց այն աշխատանքի մասին, որը տեղի է ունենում, և մեր շփումն այնքան ջերմ էր անցնում, որ վերջում նույնիսկ ես պատրաստակամություն հայտնեցի, ասացի՝ կարո՞ղ է ես ինչ-որ բանով փորձեմ աջակցել, որ ինչ-որ մի մասը շինարարության ֆինանսական առումով ես աջակցեմ: Եվ ֆինանսական աջակցության մասով Հայր Սահակը մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց և իր համարը տվեց իմ խորհրդականին, որ ես ինչ-որ ձևով մասնակցեմ ֆինանսական ծախսին, ինչը շատ ուրախացրեց Հայր Սահակին: Դրանից հետո Հայր Սահակը մեծ սիրով ճանապարհեց ինձ մինչև մուտք, մինչև ավտոմեքենա, և մենք սիրալիր ձևով բաժանվեցինք:
Չի կարելի սուտ խոսել, պատվիրաններից մեկն ասում է՝ քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր, և ես ցավում եմ, որ եկեղեցականն այդքան համարձակություն չունի և այդքան վախվորած է, այդքան ընկճված է, որ մեր հասարակ շփումն իր մոտ այդպիսի վիճակ է առաջացրել, որ ինքը պատվիրան է խախտում: Ես ներում եմ իրեն քրիստոնեաբար, թող Աստված ների իրեն իր սուտ խոսելու համար: Չեմ ուզում հավատալ՝ նման բարքերը պետք է շարունակվեն և տեղ ունենան մեր եկեղեցում:
Առիթից օգտվելով՝ նորից ուզում եմ ասել՝ մեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին լի է բազմաթիվ պարկեշտ մարդկանցով, որոնց ես իմ ողջույններն եմ ուղարկում և շնորհակալություն հայտնում իրենց աշխատանքի համար, իսկ Հայր Սահակին Աստված թող ների, ես ներում եմ»,- պատմել է Ալեն Սիմոնյանը։