Իսրայելի սփյուռքի և հակասեմիտիզմի դեմ պայքարի նախարար Ամիխայ Շիկլին կոչ է արել Նյու Յորքում ապրող հրեաներին վերադառնալ հայրենիք՝ քաղաքապետի ընտրությունում 34-ամյա մուսուլման դեմոկրատ Զոհրան Մամդանիի հաղթանակից հետո՝ գրում է DW-ն։
«Քաղաքը, որը մի ժամանակ խորհրդանշում էր համընդհանուր ազատությունը, իշխանության բանալիները հանձնել է ՀԱՄԱՍ-ի կողմնակցին, որի դիրքորոշումը այդքան էլ հեռու չէ 25 տարի առաջ 3000 նյույորքցի սպանած ջիհադիստ ծայրահեղականներից»,- գրել է Շիկլին իր X էջում։
Նրա կարծիքով՝ «Նյու Յորքը երբեք նույնը չի լինի, հատկապես հրեական համայնքի համար», ուստի նրա ներկայացուցիչները պետք է «լրջորեն մտածեն Իսրայեն իրենց նոր տունը դարձնելու մասին»։ «Նյու Յորքը բաց աչքերով քայլում է դեպի այն անդունդը, որի մեջ ընկղմվել է Լոնդոնը»,- հավելել է Շիկլին։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար և ծայրահեղ աջակողմյան «Օցմա եհուդիտ» (Հրեական ուժ) կուսակցության առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը նույնպես համաձայնել է Շիկլիի՝ Մամդանիի մասին գնահատականի հետ։ Նյու Յորքում ապրում է մոտավորապես 1,3 միլիոն հրեա՝ Իսրայելից դուրս աշխարհի ամենամեծ հրեական համայնքը։
Մամդանին Իսրայելի ներկա իշխանությունն անվանել է «ապարտեիդի ռեժիմ», իսկ Գազայում պատերազմը՝ «ցեղասպանություն»։ Սակայն նա որևէ մեկնաբանություն չի արել ՀԱՄԱՍ-ի մասին, գրում է DW-ն։