Շիրակի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը բարեհաջող իրականացնելուց հետո «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մեկնարկել է ծրագրի չորրորդ փուլի կողմնորոշման ճամբարը Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերից պատերազմի մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած տղաների համար։ Այս մասին հայտնել է հիմնադրամը:
Պայմանավորված այս փուլի մասնակիցների մեծ թվով (շուրջ 100 հոգի)՝ ճամբարն այս տարի կազմակերպվել է երկու փուլով՝ նոյեմբերի 1-ից 6-ը և նոյեմբերի 7-ից 12-ը։ Այս օրերին տղաները գտնվում են Ջերմուկում՝ բացահայտելու իրենց սեփական անձը, կարողություններն ու ներուժը։

«Ճամբարը կարևոր դեր ունի մասնակիցների կյանքում, քանի որ հենց այստեղ է որոշվում յուրաքանչյուրի անհատական զարգացման ուղին։ Ոմանք ընտրում են սկսել սեփական բիզնեսը, ոմանք էլ նախընտրում են մասնագիտանալ որևէ կոնկրետ ոլորտում։ Կարելի է ասել՝ ճամբարը նրանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման առաջին կարևոր քայլերի սկիզբն է։ Ճամբարի ընթացքում դասընթացավարների, խորհրդատուների և անկախ փորձագետների հետ ուսումնասիրվում են տարբեր թեմաներ՝ աշխատաշուկայում անձի մրցունակությունից մինչև ինքնաբացահայտում և ինքնագնահատում, աշխատանքային գործընթացի այլընտրանքների բացահայտումից մինչև գործատուին ներկայանալու հմտություններ։ Ճամբարի ամբողջ ընթացքում մասնակիցների հետ են նաև Հիմնադրամի աշխատակազմը, սոցաշխատողներ, մարզային աշխատակիցներ, ինչպես նաև հոգեբաններ։
Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը ողջունեց ներկաներին:
«Ճամբարի վերջնանպատակն այն է, որ բոլորն ունենան իրենց կարիերայի պլանավորման անհատական պլանը, հստակ պատկերացում կազմեն՝ որ ուղղությամբ են ուզում շարժվել, և ամենակարևորը՝ հավատան իրենց ուժերին։ Դա կնպաստի նրանց սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն ու կայունացմանը։ Հպարտ ենք, որ մեր նախորդ փուլերի մոտ 200 մասնակիցներն արդեն ապրում են ինքնաբավ և հաջողակ կյանքով, վերաինտեգրվել են հասարակության մեջ։ Նրանց մի մասն արդեն ունի գործող բիզնես, իսկ մյուս մասը մասնագիտացել է իր նախընտրած ոլորտում։ Վստահ եմ՝ այս անգամ էլ ենք հաջողելու»,- նշել է Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Նոյեմբերի 4-ին, բացի ընթացիկ դասընթացներից ու գործնական աշխատանքներից, տղաները ունեցան բացառիկ հնարավորություն` հանդիպելու բիզնես փորձագետների և խորհրդատուների, ինչպես նաև նախորդ փուլերի երկու շահառուների հետ, ովքեր ծրագրի շնորհիվ արդեն ունեն գործող բիզնեսներ։ Կենդանի հարցուպատասխանի և ակտիվ քննարկումների միջոցով տղաներից յուրաքանչյուրը կիսվեց խորհրդատուների հետ իր գաղափարներով՝ ստանալով արժեքավոր ուղղորդումներ և խորհուրդներ։
Առջևում դեռ սպասվում են հագեցած և հետաքրքիր երկու օր։ Հիշեցնենք, որ ճամբարից հետո, հիմք ընդունելով յուրաքանչյուր մասնակցի անհատական զարգացման պլանը, Հիմնադրամը շարունակելու է աջակցել շահառուներին՝ իրենց բիզնեսները սկսելու կամ նախընտրած մասնագիտությամբ աշխատանք գտնելու գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։