2026 թվականի բյուջեն, եթե համեմատվի նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենցի հետ՝ համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենցին, այն որևէ խախտում չունի՝ բացառությամբ այն տարբերությանը, որ տեղի է ունեցել 2025 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, ինչն առաջ բերված ծախսեր են: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանն իր ռազմական բյուջեն է կրճատում, և այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն շարունակում է զինվել ա՞յն ինտենսիվությամբ, ինչ մինչև օգոստոսի 8-ն էր:
«Նույն 2026 թվականի ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որն իրականում բնական զարգացման տեմպ է, ու այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա:
Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ, և, բնականաբար, դա պիտի ունենա իր հետևանքները»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ հռչակագիրը: Վերջինիս շրջանակում ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։