Երբ ահազանգը ստացել ենք երեխայի կորելու մասով, անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց բնականաբար նաև ոստիկանությանն է տրվել համապատասխան հանձնարարական, որ նաև դիտարկվի հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած: Բոլոր վարկածները, վստահեցնում եմ, որ քննարկվել են: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ցավոք սրտի, պիտի փաստեմ, որ երեկ երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում, և այս պահի դրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով՝ սպանություն:
Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Այս պահին այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը, ի թիվս այլնի, առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակում: Կհիշեք, որ նաև եղբայրը, որն ուներ նաև որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան, առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն, որպես այսպիսին, չառաջանա, և մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ փոքրիկից տեղեկատվություն, եթե նրան որևէ բան հայտնի է:
Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին»,- հայտնեց նախարարը:
Արփինե Սարգսյանը նաև ասաց՝ երեխայի հայրը ասել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակում է վրա հասել դեպքը:
«Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը: Այս պահի դրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող: Երբ դեպքը տեղի է ունեցել, և մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի սանրում, և յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»,- ընդգծեց նախարարը:
Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ Սարգսյանը հայտնեց՝ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում՝ նաև առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները պարզելու տեսանկյունից:
Նրա խոսքով՝ թեման կոմունիկացվել է նաև Տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն, և ընթացք տրվի:
Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- (ծնված 2022 թ․) դին։
Նշանակվել էին փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։