ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանքներ ունենք: Այս շաբաթ, ի վերջո, պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը՝ ԵՄ-ի կողմից փոխանցվող, և արդեն գնդակը կլինի ՀՀ դաշտում, որովհետև հստակ կլինեն այն միջոցառումները, որոնք ՀՀ պետական մարմինները պետք է ապահովեն այս տեսանկյունից: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Գործողությունների ծրագիրը, հաշվի առնելով այլ երկրների փորձառությունը և մեր շփումները ԵՄ կողմի հետ, նորություն չէ, որպես այդպիսին, որովհետև հիմնականում նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք ՀՀ կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ:
Առաջին ուղղությունն այս ոլորտում բիոմետրիկ համակարգի նեդրումն է: Պիտի նշեմ, որ ակտիվ շարունակում ենք աշխատանքները, ունենք կնքված պայմանագիր, արդեն իսկ տարածքային գրասենյակների մասով որոշարկում ունենք մասնավոր գործընկերոջ հետ, վերջնականացրել ենք տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը ևս հաստատված է, և առաջիկայում անձնագրի արտաքին նկարագրի հաստատում ևս կունենանք»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է վերանայել նաև ծառայության շենքային պայմանները, շինաշխատանքների համար մոդելային տարբերակն արդեն իսկ կա: Մինչև 2026 թվականի առաջին կիսամյակն այս աշխատանքները պետք է իրականացվեն. «Երկրորդ կիսամյակից սկսած՝ կսկսենք բիոմետրիկ նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը»: