Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:
Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։