Ըստ մեր եզրակացության՝ այսօր շրջանառվող շտամը՝ «օմիկրոն» շտամը, բավականին թեթև է ընթանում՝ սովորական գրիպին բնորոշ ախտանշաններով: Բայց պետք է, իհարկե, աչալուրջ լինել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին:
«Պետք է, իհարկե, աչալուրջ լինել, և ցանկացած ախտանշանի պարագայում՝ անկախ այն հանգամանքից՝ դա կլինի քովիդի՞ց, թե՞ սուր շնչառական այլ վարակի պարագայում, պետք է շատ ուշադիր լինել, հետևել բժիշկների խորհուրդներին, փորձել կանխարգելիչ առումով դիմակ կրել, ձեռքերը հաճախ լվանալ:
Գրիպի պատվաստանյութի մասով ասեմ, որ մեր մոբիլ ծառայությունը բավականին լավ արդյունք է տալիս: Մենք այս տարի առաջին անգամ սեպտեմբերին ունեինք գրիպի պատվաստանյութերը, և մեծ թվով քաղաքացիներ արդեն իսկ պատվաստվել են:
Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ինչքան շուտ պատվաստվենք, այնքան շուտ պաշտպանված կլինենք»,- ասաց նա: