ԼՂ-ից տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 մլրդ դրամի շրջանանկերում: Ծավալի իմաստով երբևէ չի եղել այս չափի պետական ծրագիր: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը տեղեկացրեց՝ ամենօրյա ռեժիմով աշխատում են ԼՂ-ից տեղահանվածների հետ՝ փորձելով լուծել այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելիս, ապա ներկայացրեց վիճակագրություն:
«Ծրագրի շրջանակներում արդեն հավաստագիր է ստացել 3202 ընտանիք և 12826 անձ, որոնցից 1198-ը կամ 1200-ը և 5242-ն արդեն իրացրել են իրենց հավաստագրերը և բնակվում են իրենց սեփական տներում»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ որոշ փոփոխություններ են արվում ծրագրին դիմելու գործընթացը դյուրացնելու նպատակով: Ըստ այդմ՝ այսուհետ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող:
Շահառու ընտանիքների անդամները, որոնք 2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ, սակայն դիմում-հայտարարություն լրացնելիս լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում կկարողանան ստանալ նաև հավաստագիր որպես առանձին ընտանիք:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակ կսահմանվի 1՝ նախկինում սահմանված 2-ի փոխարեն, եթե խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին: