ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին շարունակվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը:
Համազեկուցողները քննարկման են ներկայացրել 4 հանձնաժողովներում ընդունված զեկույցները:
Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ընդունված՝ «Արևելյան գործընկերության ապագայի և ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարներ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության անհրաժեշտության վերաբերյալ» հարցի համազեկուցողներն են Եվրոպական խորհրդարանի անդամ Օլիվեր Շենկը և Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Կրուլկոն:
Օլիվեր Շենկն ընդգծել է, որ վերջին տարիներին Արևելյան գործընկերությունը եղել է Եվրոպական միության ամենակարևոր անկյունաքարերից: Խոսելով փաստաթղթի մասին՝ զեկուցողը նշել է. «Արևելյան գործընկերությունը պետք է ավելի սերտ աշխատի ԵՄ-ի հետ անվտանգային, պաշտպանական, էներգետիկ քաղաքականության շուրջ և ուշադրությունը կենտրոնացնի քաղհասարակության, անկախ մեդիայի և ժողովրդավարական շարժումների վրա: Այս նոր քաղաքական առաջնահերթությունների առումով մենք կոչ ենք անում Արևելյան գործընկերության գագաթնաժողով անցկացնել 2027 թվականին և մեկտեղել ԵՄ անդամ պետություններին, գործընկեր երկրներին և քաղհասարակությանը՝ հաստատելու գալիք տասնամյակի նոր տեսլականը»: Ըստ ԵԽ պատգամավորի՝ Արևելյան գործընկերությունը պետք է վերածվի ռազմավարական գործիքի: «Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան մեր աջակցությունը, իսկ ովքեր դրանք չեն գնահատի, կարժանանան հետևանքների»,- եզրափակելով խոսքը՝ ասել է զեկուցողը:
Մանրամասներ ներկայացնելով փաստաթղթի վերաբերյալ՝ Իվան Կրուլկոն նշել է, որ դրանում ներկայացված են Արևելյան գործընկերության ապագան, ինչպես նաև ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարները:
«ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև արդար առևտրի, համագործակցության և ներդրումների խթանում՝ կապի, կանաչ անցման և ենթակառուցվածքների զարգացման աջակցությամբ» զեկույցը քննարկման է ներկայացրել Եվրանեսթ ԽՎ համանախագահ, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: «Մենք հավատում ենք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) եվրոպական նոր ռազմավարության գաղափարին, ընդգծում, որ դա ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլ նաև ռազմավարական շրջանակ»,- նշել է համազեկուցող Մարիա Կարապետյանը՝ հավելելով. «գլոբալ դարպասներ» նշանակում է մոդել՝ հիմնված թափանցիկության, կայունության և հավասար գործընկերության վրա: Զեկուցողի խոսքով կապը պետք է լինի զուգորդված լավ կառավարման, օրենքի գերակայության և ինտեգրման երաշխիքների հետ և կարևոր են դատական անկախությունը, հակակոռուպցիոն քայլերը: Այս բանաձևը կոչ է անում աջակցել ՓՄՁ-ներին, կանանց կողմից առաջնորդվող ձեռնարկություններին՝ հանուն ներառական աճի: Թեմայի շրջանակում Մարիա Կարապետյանը վկայակոչել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի օրինակները: Այս առումով նա խոսել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով առաջարկող լայն հնարավորությունների մասին:
Այնուհետև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պիերֆրանչեսկո Մարանը ներկայացրել է փոխկապակցված էներգետիկ ապագային վերաբերող զեկույցը: Փաստաթղթի նպատակն է արագացնել էներգետիկ կապերի զարգացումը, կանխել քաղաքական միջամտությունները և շարունակելով համագործակցությունը՝ նվաճել և հասնել էներգետիկ ինքնիշխանության: Նշվել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը 2 փոփոխություն է ներկայացրել:
Հաջորդիվ ադրադարձ է կատարվել Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկված և ընդունված «Եվրոպայի մեծ հորիզոն. բաց է լավագույն հետազոտությունների համար» զեկույցին: Փաստաթուղթը ներկայացրել է համանախագահող, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Խոսելով զեկույցի կարևորության մասին՝ Մարիա Կարապետյանը նշել է. «Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական ճնշումների ժանակաշրջանում, որտեղ կան մրցակցություն, մարտահրավերներ, և երկրները պետք է ներդրումներ կատարեն գիտական համակարգերում, որպեսզի կարողանան գոյատևել արագ փոփոխվող միջավայրում և գլոբալ մրցունակության պայմաններում»: Փաստաթղթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ուկրաինական պատվիրակությունը:
Նիստի ավարտին քվեարկությամբ ընդունվել են քննարկված զեկույցները, որից հետո ներկայացվել են աշխատանքային խմբերում կայացած քննարկումները և առաջիկա պլանները:
Նստաշրջանի աշխատանքներն ամփոփել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի համանախագահներ Մարիա Կարապետյանը և Սերգեյ Լագոդինսկին, ընդգծել քննարկումների և բանավեճերի արդյունավետությունը: